Գաբրիել Գարսիա Մարկես և Մարիո Վարգաս Լյոսա / Երկխոսություն լատինամերիկյան վեպի մասին 2

by · July 20, 2012

(Սկիզբը ` այստեղ )

Մարիո Վարգաս Լյոսա -Այս պատմությունն ինչ-որ չափով հաստատում է քո խոսքը, թե գրողը միշտ ելնում է սեփական փորձից։ Բայց նրանք, ովքեր չեն կարդացել «Հարյուր տարվա մենությունը», կարող են կարծել, որ դու գրում ես ինքնակենսագրական գրքեր։ Մինչդեռ քո այդ վեպում բացի պատմություններից, որ տեղի էին ունեցել Գաբրիելի պապի հետ, և որոնք պապը պատմում էր մանուկ Գաբրիելին, կատարվում են ամենազարմանալի բաները. այստեղ կան թռչող գորգեր, որոնցով աղջիկները զբոսնում են քաղաքի վրա, կա կին, որը համբարձվում է երկինք, այստեղ տեղի են ունենում հազարավոր հրաշալի, զարմանալի, անհավանական բաներ։ Գրքի համար նյութի մի մասը գրողին տալիս է իր անձնական փորձը։ Բայց կա մի այլ մաս, որը գալիս է երևակայությունից, և այլ տարր՝ մշակութային, այսպես ասած։ Կցանկանայի, որ դու պատմեիր դրա մասին։ Այլ կերպ ասած՝ հատկապես ո՞ր գրքերի ընթերցանությունն է քեզ վրա ազդել վեպեր գրելու համար։

Գաբրիել Գարսիա Մարկես- Ես լավ եմ ճանաչում Վարգաս Լյոսային և գլխի եմ ընկնում՝  ուր է թեքում խոսակցությունը։ Նա ցանկանում է, որ ես ասեմ՝ այդ ամենը գալիս է ասպետական վեպից։ Ինչ-որ առումով նա ճիշտ է, որովհետև իմ սիրելի գրքերից մեկը, որը ես վերընթերցում եմ և որով անսահման հիանում եմ, «Ամադիս Գալցի»-ն է։  Ես կարծում եմ, որ դա մարդկության պատմության մեջ գրված մեծագույն գրքերից մեկն է, թեպետ Մարիո Վարգաս Լյոսան գերադասում է «Տիրանտ Սպիտակ»-ը։ Բայց չվիճենք։ Եթե դու հիշում ես, մենք մի անգամ խոսել ենք այդ մասին, ասպետական վեպում ասպետին գլխատում են այնքան անգամ, որքան դա անհրաժեշտ է պատումին։ Ասենք՝ երրորդ գլխում խոշոր ճակատամարտ կա, և պետք է, որ ասպետին գլխատեն։ Նրան գլխատում են, իսկ չորրորդ գլխում նա նորից հայտնվում է գլուխն ուսերին, և եթե պետք լինի, հաջորդ մարտում այն նորից կկտրեն։ Պատումի այս ազատությունն անհետացավ ասպետական վեպի հետ, որում պատահում էին նույնպիսի զամանալի բաներ, ինչպիսիք կարելի է հանդիպել ամեն օր Լատինական Ամերիկայում։

Մ.Վ.Լ.- «Հարյուր տարվա մենությունը» կարդալիս գլուխներից մեկում աչքովս մի բառ ընկավ, որն ինձ թվում է՝ կարող է բանալի լինել։ Դու այն հատուկ ես օգտագործել, ինչպես և հերոսների անունները, որ վերցրել ես ուրիշ գրողներից՝ քո ընկերներից կամ հեղինակներից, որոնցով հիացած ես եղել, որոնց դու այդպիսով ասես հարգանքի տուրք ես մատուցում քո գրքում։ Գնդապես Աուրելիո Բուենդիայի երեսուներու զինվորների մասին գլուխը կարդալիս հանդիպեցի մի դրվագի, որտեղ գնդապետը կապիտուլյացիա է ստորագրում Նիիրլանդիա կոչվող մի վայրում, և ինձ թվաց, որ այդ բառն աղերսներ ունի ասպետական վեպի հետ։ Նույնիսկ կարծում եմ, որ այդ բառը քաղաքի կամ ինչ-որ բնակավայրի անուն է «Ամադիս»-ից։ Եվ որոշեցի, որ դա հարգանքի տուրք է, հիշեցում այդ գրքի մասին, որն այդպես զրպարտեցին։

Գ.Գ.Մ.- Ոչ, խոսքը կարող է գնալ միայն նմանության մասին, այսինքն այն մասին, որ ասպետական վեպի ու լատինամերիկյան իրականության միջև այնքան մեծ կապ կա, որ  հեշտությամբ կարելի է ընկնել նման մոլորության մեջ։ Իրականում Կոլումբիայի քաղաքացիական պատերազմներն ավարտվեցին Նիիրլանդական կապիտուլյացիայով։ Կա նաև մեկ այլ օրինակ։ Ով կարդացել է իմ գրքերը, գիտի, որ դուքս Մալբորոն պարտվեց Կոլումբիայի քաղաքացիական պատերազմում՝ լինելով գնդապետ Աուրելիանո Բուենդիայի համհարզը։ Իսկ իրականում բանն այսպես է եղել. երբ ես փոքր տղա էի, այլ երեխաների հետ երգում էի «Մալբրուկն արշավի է պատրաստվել» երգը։ Ես հարցրեցի տատիս՝ ով է Մալբրուկը և ինչ պատերազմի է գնում, և տատս, որն անկասկած այդ մասին պատկերացում իսկ չուներ, պատասխանեց, որ այդ սենյորը կռվել է պապիս հետ։ Ավելի ուշ, երբ իմացա, որ Մալբրուկը Մալբորո դուքսն է, ինձ թվաց, որ ավելի լավ է ամեն բան թողնել այնպես, ինչպես տատիս տարբերակում էր, և ես այդպես էլ արեցի։

Մ.Վ.Լ.- Միգուցե արժե խոսել գրականության մեջ ռեալիզմի մասին։ Շատ վեճեր կան, թե ինչ է ռեալիզմը, որոնք են դրա սահմանները, և երբ մեր առջև քո գրքի պես գիրք է, որտեղ շատ իրական և ճշմարտացի իրադարձությունների կողքին տեղի են ունենում առաջին հայացքից անիրական դեպքեր, ինչպես այն աղջկա դեպքը, որ համբարձվեց երկինք, կամ՝ մարդու, որ երեսուներկու  պատերազմ էր սանձազերծել, բոլորում ջախջախվել և մնացել էր անվնաս… Մի խոսքով, կարելի է ասել, որ քո գրքում կան մի շարք դրվագներ, որ քիչ հավանական են։ Դրանք ավելի շուտ պոետական, ֆանտաստիկ դրվագներ են, բայց չգիտեմ՝ տալի՞ս է դա ինձ իրավունք անվանելու քո գիրքը ֆանտաստիկ, ոչ իրապաշտական։ Դու քեզ ի՞նչ ես համարում՝ իրապա՞շտ գրող, թե՞ ֆանտաստ գրող, իսկ միգուցե համարում ես, որ չարժե նման տարանջատումնե՞ր անել։

Գ.Գ.Մ.-Կարծում եմ, որ «Հարյուր տարվա մենություն» վեպում ավելի, քան որևէ այլ մեկում, ես հանդես եմ գալիս որպես իրապաշտ գրող, քանի որ, ինչպես ինձ է թվում, Լատինական Ամերիկայում ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ՝ իրական։ Թե գրողին ինչ չափով է հաջողվում գիրք տեղափոխել Լատինական Ամերիկայում տեղի ունեցող իրական դեպքերը՝ տեխնիկայի հարց է։ Հնարավոր է, որ երբ դրանք դառնան գրքի հատվածներ, ընթերցողը չհավատա դրանց։  Բանն այն է, որ մենք՝ լատինամերիկյան գրողներս, հիմնականում հասկանում ենք՝ ինչ հիանալի հորինվածք են պարունակում տատիկների հեքիաթները, որ երեխաները հավատում են դրան։ Այդ առասպելները հենց երեխաներին են պատմվում, երեխաները կարծես օգնում են դրանց ստեղծմանը, և դա հիանալի է, ինչպես «Հազար ու մեկ գիշեր»-ում։

Մեզ շրջապատում են անսովոր, ֆանտաստիկ բաներ, իսկ գրողները համառորեն պատմում են մեզ անկարևոր, ամենօրյա իրադարձությունների մասին։  Ես կարծում եմ՝ մենք պետք է աշխատենք լեզվի ու արտահայտչամիջոցների վրա, որ լատինամերիկյան երևակայական իրականությունը դառնա մեր գրքերի մասը և որ լատինամերիկյան գրականությունն իրականում համապատախանի լատինամերիկյան կյանքին, որում ամեն օր տեղի են ունենում ամենաանհավանական բաները։ Օրինակ, գոյություն ունեն գնդապետներ, որ սանձազերծել են երեսուներկու քաղաքացիական պատերազմ և բոլորում պարտվել են կամ,ասենք, բռնակալը Սալվադորում, որի անունը չեմ հիշում, հայտնագործում է ճոճանակ, որը ցույց է տալիս՝ կա՞ արդյոք սննդի մեջ թույն, և դնում է այդ ճոճանակը ապուրի մեջ, մսի և ձկան վրա։ Եթե ճոճանակը թեքվում էր ձախ, նա չէր ուտում, եթե աջ, ապա համարձակ անցնում էր ուտելուն։  Այսպես ուրեմն, այդ բռնակալը խոշոր իմաստուն էր. երբ  երկրում կարմրուկի  համաճարակ է սկսվում, և առողջապահության նախարարն ու նրա օգնականները հարցնում են՝ ինչ անել, նա պատասխանում է. «Ես գիտեմ՝ ինչ է պետք անել՝ երկրի հասարակական վայրերի բոլոր լամպերը փաթաթել կարմիր թղթով»։ Եվ կար ժամանակ, երբ երկրով մեկ բոլոր լուսամփոփների վրա կարմիր թուղթ էր կպցրած։ Այսպիսի բաներ Լատինական Ամերիկայում տեղի են ունենում ամեն օր, և մենք՝ լատնամերիկյան գրողներս, դրանք նկարագրելու համար նստելով սեղանի մոտ, փոխանակ ընկալենք դրանք որպես իրականություն, վեճի ենք բռնվում՝ դատելով մոտավորապես հետևյալ կերպ. «Դա անհնար է, նա պարզապես գիժ է եղել», և այսպես շարունակ։ Մենք սկսում ենք բանական պատճառաբանություններ բերել, որոնք խեղաթյուրում են լատինամերիկյան իրականությունը։ Ես կարծում եմ, որ այն պետք է բացահայտ ընդունել, քանի որ դա այնպիսի իրականություն է, որ կարող է մի բան տալ համաշխարհային գրականությանը։

Մ.Վ.Լ.- Այսպիսով, մենք արդեն ունենք հիմքի երկու տարր՝ այն հիմքի, որի վրա կանգնած է գրողը. անձնական փորձն է և մշակույթի փորձը, այսինքն՝ ընթերցանության։ Բայց քո գրքերում մեծ, անզուսպ երևակայությունից և, իհարկե, վեպի տեխնիկային տիրապետումից զատ կա ևս երկու գործոն, որ ինձ վրա մեծ տպավորություն են գործել. Այդ մի քիչ ֆանտաստիկ իրականության և ամենօրյա, կենցաղային իրականության կողքին «Հարյուր տարվա մենություն» վեպում  կա նաև սոցիալ-պատմական իրականություն։ Իսկ ավելի կոնկրետ՝ գնդապես Աուրելիանո Բուենդիայի պատերազմները ինչ-որ կերպ ներկայացնում են կամ արտացոլում են Կոլումբիայի պատմության որոշակի շրջանը։ Խոսքն արդեն գնում է ոչ թե զուտ հնարած աշխարհի մասին, այլ՝ շատ կոնկրետ իրականության հետ կապի։

Մակոնդոյի կյանքում, որտեղ տեղի են ունենում բոլոր այդ անհավանական դեպքերը, արտացոլված են լատինամերիկյան խնդիրները։ Մակոնդոն բնակավայր է բանանային պլանտացիաներով, որոնք հրապուրում և այստեղ են բերում սկզբում արկածախնդիրներին, հետո՝ միջազգային ընկերությանը։ Վեպում գլուխ կա, որտեղ դու մեծ վարպետությամբ նկարագրել ես Լատինական Ամերիկայի գաղութատիրական շահագործումը։ Թերևս սա նոր տարր է քո ստեղծագործության մեջ։ Չէի՞ր կարող դրա մասին պատմել։

Գ.Գ.Մ.- Բանանային պլանտացիաների մասին այդ պատմությունը բացարձակ իրական է։ Ըստ երևույթին այդպիսին է Լատինական Ամերիկայի տարօրինակ ճակատագիրը, որ իրական իրադարձություններն այստեղ դառնում են ֆանտասմագորիաներ, ինչպես տեղի ունեցավ բանանային պլանտացիաների հետ կապված այդքան ծանր և դաժան պատմության հետ։

Գյուղում բանանային ընկերության հիմնադրումից հետո ամբողջ աշխարհից սկսեցին մարդիկ ժամանել այստեղ, և եղավ մի պահ, երբ Կոլումբիայի ծովափին գտնվող այդ փոքրիկ բնակավայրում, որքան էլ տարօրինակ լինի, խոսում էին բոլոր լեզուներով։ Մարդիկ չէին հասկանում իրար, բայց այնպիսի ծաղկում սկսվեց՝ ավելի ճիշտ այսպես կոչված ծաղկում, որ կումբիա պարելով մարդիկ թղթադրամներ էին վառում։ Կումբիան պարում են մոմով, և բանանային պլանտացիաների հասարակ օրամշակներն ու բանվորները մոմերի փոխարեն թղթադրամներ էին վառում, որոհետև օրավարձու բանվորը պլանտացիաներում վաստակում էր ամիսը երկու հարյուր պեսո, իսկ քաղաքային դատավորը՝ ընդամենը վաթսուն։ Այդ պատճառով էլ գոյություն չուներ իրական իշխանություն, և իշխանությունը ծախու էր, իսկ բանանային ընկերությունը կարող էր այն առնել մի թուլափայով, և ինքն էր հնօրինում արդարադատությունն ու իշխանության բոլոր օրգանները։

Բայց եկավ մի պահ, երբ մարդիկ սկսեցին գիտակցություն ձեռք բերել՝ մասնագիտական գիտակցություն։ Բանվորները սկսեցին ամենատարրական բաների պահանջից, քանի որ բժշկական սպասարկումը հանգեցվում էր մի կապույտ դեղահաբի, որը տրվում էր յուրաքանչյուրին, ով ինչ-որ գանգատ ուներ։ Հիվանդներին շարք էին կանգնեցում, և բուժքույրը նրանց բերաններում դնում էր մեկական կապույտ դեղահաբ։ Դա դարձել էր այնքան սովորական, որ երեխաները հերթ էին կանգնում, հետո հանում այն բերանից և դրանով համարներ նշում երթուղային տոմսերի վրա։

Մի բան էլ կար.բանանային ընկերության շոգենավերը գալիս էին Սանտա-Մարտու, բեռնվում էին բանաններով և տանում էին դրանք Նոր Օռլեան, իսկ հետդարձի ճանապարհն անցնում էին դատարկ։ Ընկերությունը երկար չէր կարողանում մի բան մտածել, որ հետադարձ երթուղին արդարացներ իրեն։ Որոշեցին ապրանքներ տանել խանութների համար, որ պատկանում էին ընկերությանը, իսկ բանվորներին վճարել ոչ թե փողով, այլ կտրոններով, որոնցով նրանք կարող էին գնումներ անել այդ խանութներում։

Նրանց տալիս էին բոներ, որոնցով նրանք վճարում էին բանանային ընկերության կրպակներում առևտուր անելիս, որտեղ վաճառվում էին միայն ընկերության՝ նույն այդ նավերով ներմուծած ապրաքները։ Գործադուլ սկսեց, որը կաթվածահար արեց ամեն բան շրջակայքում, իսկ կառավարությունը վեճը հարթելու փոխարեն զորք ուղարկեց։ Բանվորները հավաքվել էին երկաթուղային կայարանում. ենթադրվում էր, որ վեճը լուծելու համար կժամանի նախարարը։ Զինվորական գնդերը շրջապատեցին հավաքվածներին և ցրվեու համար նրանց հինգ րոպե տվեցին։ Ոչ ոք չգնաց, և սպանդ սկսվեց։

Այս պատմության մասին, որը մտավ վեպի մեջ, ես իմացա դեպքից տասը տարի անց։ Կային մարդիկ, որ ասում էին, թե այդպես էլ եղել է, իսկ ոմանք էլ ասում էին, որ նման բան չի եղել։ Ոմանք պնդում էին. «Ես այնտեղ եղել եմ և գիտեմ, որ սպանվածներ չկային։ Մարդիկ հանգիստ ցրվեցին, և բացարձակապես ոչինչ չպատահեց»։ Իսկ մյուսներն ասում էին՝ այո, սպանվածներ կային, անձամբ ենք տեսել, զոհվեցին այսինչն ու այնինչը, վստահաբար ենք ասում։ Բանն այն է, որ Լատինական Ամերիկայում կարելի է դեկրետով ստիպել մոռանալ այնպիսի իրադարձություներ, ինչպիսին երեք հազար մարդու սպանությունն է։ Դա ֆանտաստիկ է թվում, բայց դա առօրյա իրականությունն է։

Մ.Վ.Լ.- Ասում են՝ մի անգամ բրազիլական կառավարությունը դեկրետով վերացրեց համաճարակը։

Գ.Գ.Մ.- Մենք էլի անցանք նույն գործին՝ սկսեցինք օինակներ փնտրել և գտանք հազարներով։

Մ.Վ.Լ.- Այսինքն բանվորների սպանության դրվագը ոչ միայն պատմական փաստ է, այլև…

Գ.Գ.Մ.- Իմ վեպի մեջ բերված է դեկրետի համարը, համաձայն որի թույլատրվում էր կրակել բանվորների վրա, նաև գեներալի անունը, որն այն ստորագրել է, ինչպես և նրա քարտուղարի։ Այդ տեղեկությունները վերցված են Ազգային արխիվից, իսկ հիմա դրա մասին կարդում են վեպում ու մտածում, որ ես չափազանցրել եմ։

Մ.Վ.Լ.- Հետաքրքրական է, որ բանվորների սպանության այդ դրվագը ոչ մի կերպ արհեստականորեն տեղադրված չի թվում։ Այն հիանալի կերպով ներառվում է գրքի փոքր-ինչ ֆանտասմագորիկ մթնոլորտի մեջ։ Փաստը, որ այդ սպանդը վերապրածներից մեկը հարություն է առնում (ընդ որում մենք այդպես էլ մինչև վերջ չենք իմանում՝ հարությո՞ւն առավ, թե՞ սպանվեց, թե՞ ողջ մնաց), երկակիություն է առաջացնում, որով արված է ամբողջ դրվագը, և դա շատ հետաքրքիր է։

Գ.Գ.Մ.- Մեքսիկայում, օրինակ, ոչ ոք չհավատաց, որ Էմիլիանո Սապատան սպանված է։

Մ.Վ.Լ.- Ինձ թվում է՝ մենք արդեն պատկերացում կազմեցինք նյութի մասին, որի հետ աշխատում է գրողը. դա անձնական փորձն է,  մշակույթի փորձը, պատմական և հասարակական գործոնները։ Ամենաբարդ խնդիրն է՝ ինչպես այդ նյութը, բոլոր այդ բաղադրիչները վերածել  գրականության… Երևակայական իրականության։

Գ.Գ.Մ.- Դա զուտ գրական խնդիր է։

 

(շարունակությունը կարդացեք այստեղ )

Comments

comments

Կարծիք հայտնել